Բարեգործությունն է ծնում բարեգործություն

163018175691 AMD | Call: (37493) 000-757

163018175782 USD | Call: (37410) 42-78-50

163018282778 EUR | Call: (37410) 49-93-13

am
en

«Փրկություն» թատերախումբ

«Փրկություն» թատերախումբը ստեղծվել է 2008թ-ին, որի բոլոր դերասանները մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդներ են: Թատերախումբը իր գործունեությունը սկսել է տիկնիկային ներկայացումներով՝ «Անբուն նապաստակը», «Պալատիկը», «Մայր հավիկը» և «Արջի տնակը»: Տեսնելով շահառուների թատերական հնարավորությունները, կենտրոնը որոշեց ձևավորել թատերախումբ, որում ներգավվեցին հիմնական դերակատարներ՝ շուրջ 20 երիտասարդ: Ներկայացումների սցենարների մեծ մասը գրվում է կենտրոնի լոգոպեդի կողմից, որը քննարկվում է աշխատակազմի հետ, ընտրվում դերակատարներ և կատարվում դերաբաշխում: Թատերախմբի առաջին ներկայացումը եղել է «Բարեկենդանը», որը ներկայացվել է 2009թ.-ին: Թատերախմբի խաղացանկում ներկայացվել է նաև Հ.Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթը վերափոխված տարբերակով՝ անվանելով «Կիկոսի մահը և հարսանիքը»: Մինչև 2011թ.-ը թատերախումբը իր ներկայացումները հիմնականում ներկայացրել է կենտրոնում և ներառական դպրոցներում, իսկ 2011թ.-ին առաջին քայլերն է կատարել մասնակցելով թատերական փառատոնների, այն է՝ «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը: 2011թ.-ից «Փրկություն» թատերախումբը մասնակցում է «Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնին ու ստանում պատվոգիր և խորհրդանշական արձանիկ:
· 2009թ.- «Անբուն նապաստակը», «Պալատիկը»- տիկնիկային ներկայացումներ
· 2010թ.- «Մայր հավիկը» և «Արջի տնակը»- տիկնիկային ներկայացումներ
· 2011թ.- «Բարեկենդանը»
· 2012թ.- «Կիկոսի մահը և հարսանիքը»
· 2013թ.- «Հրաշագործ ծաղիկը»
· 2014թ.- «Հայրենիքիս կանչը», «Գիքորը»
· 2015թ.- «Անցյալի պահանջը»
· 2016թ.- «Սպասված երազանք», «Գարուն , զատիկ, մայրություն»
· 2017թ.- «Անկախության արժեքը», «Իմ լինելու իրավունքը»
· 2018թ.- «Իմ սիրո հանգրվան Երևան»
· 2019թ.- «Կարոտ»
· 2021թ.-«Կիկոսի մահը»:
Թատերախումբը իր ելույթներով, տարբեր ներկայացումներով հանդես է եկել ՀՀ մանկատներում, հատուկ և ներառական հանրակրթական դպրոցներում, ՀՊՄՀ-ում, Արաբկիր համայնքի թաղապետարանում և Շողակաթ այգում, ինչպես նաև 2012թ-ին Արցախի Հանրապետության «Քերոլայն Քոքսի» անվան վերականգնողական կենտրոնում: 2017թ.-ին՝ «Փրկություն» ՀԿ-ի 20-ամյակին, թատերախումբը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը հանդես է եկել «Անկախության արժեքը» ներկայացմամբ: «Փրկություն» թատերախմբի գործունեությունը հնարավորություն է տալիս թատերական և տիկնիկային ներկայացումների միջոցով բացահայտելու մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների թատերական ունակություններն ու տաղանդը՝ նպաստելով շահառուի ինքնաարտահայտմանը և ինքնադրսևորմանը, ինչպես նաև հանրության իրազեկմանը՝ մշակույթի միջոցով ինտեգրելով հասարակություն:

Ցուցահանդեսներ.

Կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդները պարբերաբար մասնակցում են ցուցահանդես-վաճառքների և աշխատանքի տոնավաճառների, որտեղ հնարավորություն ունեն ներկայացնել իրենց ձեռքի աշխատանքները: Պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսներում շահառուները ստանում են որոշակի գումար` կոտրելով առաջինը ընտանիքի կարծրատիպը, որ նրանք բեռ չեն ընտանիքում, և երկրորդ հասարակության մեջ առկա կարծրատիպը, որ նրանք որևէ բանի պիտանի չեն: Ցուցահանդեսները յուրովի քարոզարշավներ են մտավոր խնդիրներ ունեցող անձի աշխատանքային կարողությունների և հմտությունների ներկայացման համար:

Սպորտային միջոցառումներ.

«Փրկություն» ՀԿ-ի մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդները շահագրգիռ կազմակերպությունների աջակցությամբ ակտիվորեն մասնակցում են տեղական և միջազգային սպորտային փառատոնների, որը հնարավորություն է տալիս ներկայացնել նրանց սպորտային կարողությունները և հնարավորությունները, ինչպես նաև նպաստում է նրանց ինքնագնահատականի բարձրացմանը և ոգևորմանը: Մեր շահառուները մասնակցել են.
• Սուրեն Բալասանյանը 2010-2015թթ. մասնակցել է «Հատուկ Օլիմպիադաներ» միջազգային կազմակերպության ամառային և ձմեռային խաղերին՝ վազք, հեռացատկ և դահուկ, արժանացել ոսկե և արծաթե մեդալների, իսկ 2018թ.-ին Հայաստանի ռաֆթինգի թիմով մասնակցել է Կիև քաղաքում կայացած «Ռաֆթինգի» միջազգային մրցույթին, թիմը գրավել է 1-ին տեղը:
• Աբրելիկ Ազարյանը 2010-2012թթ. մասնակցել է «Հատուկ Օլիմպիադաներ» միջազգային կազմակերպության ամառային և ձմեռային խաղերին՝ վազք, հեռացատկ և դահուկ, արժանացել արծաթե և բրոնզե մեդալների:
• Գևորգ Մանուկյան 2018թ.-ին մասնակցել է «Հատուկ Օլիմպիադաներ» միջազգային կազմակերպության ամառային խաղերին՝ վազք և հեռացատկ, արժանացել ոսկե և բրոնզե մեդալների:
2016թ.-ից սկսած յուրաքանչյուր տարի մտավոր խնդիր ունեցող 16 երիտասարդներ Ծաղկաձորում մասնակցում են ՀՀ Նախագահի մրցանակի <<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>> սպորտային մրցույթին՝ վազք, ցատկ և գնդակի նետում մարզաձևերում՝ արժանանալով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի մեդալների և դրամական պարգևների:

Էքսկուրսիաներ/ Ժամանցի կազմակերպում

1.Յուրաքանչյուր տարի կենտրոնի շահառուների համար կազմակերպվում է էքսկուրսիա քաղաքից դուրս տարբեր մշակութային և հոգևոր կենտրոններ, որը հնարավորություն է ընձեռում նրանց ծանոթանալ և հաղորդակցվել մշակութային և հոգևոր արժեքներին, ինչպես նաև ունենալ հագեցած և ժամանցային առօրյա:
2.Կենտրոնի շահառուների համար կազմակերպվում են այցելություններ տարբեր ժամանցային վայրեր` հանրային միջոցառումներ, թատրոն, կինո, այգիներ, որով նրանք ներկայանում են հասարակությանը իրենց կոկիկ վարվելաձևով և վարքագծով, որն էլ հնարավորություն է տալիս նրանց զգալ հասարակության լիարժեք անդամ՝ հավասար իրավունքներով:

Հանգիստ/ճամբար.

Յուրաքանչյուր քաղաքացի ունի հանգստի իրավունք, իսկ մտավոր խնդիրներ ունեցողների պարագայում ոտնահարված է նրանց հանգստի իրավունքը, քանի որ պետական մակարդակում ճիշտ չէ կազմակերպվում հանգստի իրավունքի իրացման գործընթացը: Կենտրոնը տարիներ շարունակ փորձել է ապահովել շահառուների հանգստի կազմակերպումը՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ, որի արդյունքում շահառուները հանգստացել են Ստեփանավանում և Ծաղկաձորում: Ճամբարում հնարավորություն ունեն շփվելու հասակակիցների հետ, որը նպաստում է նրանց սոցիալականացմանը և առավել հաղորդակից դառնալու հնարավորությանը: Հանգստի ընթացքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, երիտասարդները մասնակցում են նաև սպորտային խաղերի և խարույկների: